Արմինֆո.Կորոնավիրուսի պատճառով տոտալ լոքդաունին վերադարձը ցանկալի չէ ։ Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը կորոնավիրուսով բոլոր հիվանդներին համապատասխան բուժմամբ ապահովելն է: Դա նշանակում է, որ COVID-19 հիվանդների թիվը պետք է համապատասխանի հիվանդանոցային հզորություններին, հակառակ դեպքում՝ այդ հիվանդության պատճառով մահացությունը կաճի այն պատճառով, որ հիվանդները չեն կարողանա ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Եթե կորոնավիրուսի ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս, ինչը 10 հազար հիվանդների հաշվարկով 500 մարդ է, ապա վարակվածների թվի 10 անգամ աճի դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել 5 հազարի: Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Հայաստանի առողջապահության համակարգը երբեք հնարավորություն չի ունեցել ապահովել նման մեծ թվով հիվանդների բուժումը:
Վարչապետը նշել է, որ եթե հնարավոր չլինի ստացիոնար բուժմամբ ապահովել կորոնավիրուսով հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներին, ապա երկիրը ստիպված կլինի վերադառնալ տոտալ լոքդաունի: Փաշինյանը, միեւնույն ժամանակ, նշել է, որ այդ քայլը չի լուծի խնդիրները, հաշվի առնելով, որ կորոնավիրուսը տարածվել է ողջ աշխարհում։ Բացի այդ, տոտալ լոքդաունը բացասական սոցիալական և տնտեսական ազդեցություն ունի։ Այդ առնչությամբ վարչապետը հերթական անգամ քաղաքացիներին կոչ է արել պահպանել հակահամաճարակային միջոցները, ինչը կորոնավիրուսի տարածման լավագույն կանխարգելումն է: Դա վերաբերում է սոցիալական հեռավորության պահպանմանը, անհատական պաշտպանության միջոցների օգտագործմանը և զանգվածային միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելուն։ Ինչպես ընդգծվել է, այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք, ապաքինվել է 3720 մարդ, մահացել է՝ 190-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 հիվանդ: