Արմինֆո.Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը պահանջում են քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածության շուրջ, որին հավակնում է Թուրքիան։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է:
Նաղդալյանը նշել է, ոիր Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: <Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ>,-ասել է նա՝ փաստելով, որ սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:
<Պետք է նշեմ, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ: Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»:
Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին:
Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին>,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։