Արմինֆո. Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունները:
«Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ: Հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության:
Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:
Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները», - ընդգծել է մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ուղղված էր, հիմնականում, Հայաստանին սևացնելուն։ Ընդ որում, Ալիեւը հերթական անգամ, նկրտումներ հնչեցնելով հայկական պատմական տարածքների նկատմամբ, հանդես էր եկել անհեթեթ հայտարարությամբ այն մասին, թե "ներկայիս Հայաստանի ողջ տարածքում տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի", եւ որ, իբր, հայերը վերաբնակեցվել են այդ տարածքներում Ռուս-Պարսկական պատերազմի ժամանակ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ