Արմինֆո. Արցախի նախագահն առաջին կադրային նշանակումներն է կատարել։ Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այդ մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել է Facebook-ի իր էջում ուղիղ եթերով:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանը կդառնա Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: "Սամվել Բաբայանի կուսակցությունը երկրորդ տեղն Է զբաղեցրել Արցախի խորհրդարանական ընտրություններում, նրանք մեծ թվով ձայներ են հավաքել։ Երեկ, ես առաջարկել եմ Բաբայանին զբաղեցնել ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը>,- հավելել է Հարությունյանը: Նա նաև հայտարարել է, որ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանը. նա կազատվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ "Այս ոլորտը ես կարևորում եմ նաև Հայաստանի հետ համագործակցության առումով։ Մեզ անհրաժեշտ են նոր որակական փոփոխություններ։ Ես Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվել եմ խորացնել այդ համագործակցությունը", - ընդգծել է Հարությունյանը։ Նա նաև ընդգծել է, որ Արցախի նախագահի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական: