Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը նոր կամ աննախադեպ չէ, բայց հետաքրքիր է։ Մայիսի 29-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել է Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությունը։
Բաբայանի խոսքով, այն հետաքրքիր է, քանի որ ցույց է տալիս, որ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ, հավանաբար, հենց Ալիեւի շուրջ շատ լուրջ գործընթացներ են տեղի ունենում: "Այն գաղափարները, որոնք արտահայտում է Ադրբեջանի նախագահը, զուրկ են տրամաբանությունից, լի՝ խառնաղմուկով։ Հատկապես՝ այն մասով, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Նա ասում է, որ "հայերը կանգնած էին զգաստ", "ինչ-որ անանուն նամակներ էին գրում"։ Դա ատելություն է, գումարած անտեղյակություն, գումարած փաստերի ինչ-որ շփոթություն: Միգուցե այս ամենն առնչվում է անձամբ Ալիևին, իսկ կարող է եւ արտացոլում է խորքային գործընթացներ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում", - ընդգծել է Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։
Նա նաև հայտարարել է, որ Ալիևի արտահայտած բոլոր այդ գաղափարներից հետո փուլային լուծման վերաբերյալ նրա հայտարարությունները զուրկ են ամեն իմաստից։ "Ադրբեջանի նախագահն այլևս չի կարող թաքցնել իր իրական մտադրությունները։ Նա ուզում է ոչնչացնել Արցախն ու Հայաստանը։ Նրա նկրտումները Երևանի, Ղարաբաղի նկատմամբ, այդ ձևակերպումները կապ չունեն տակտի, դիվանագիտության հետ։ Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս այդ պետությունում առկա բարդ ու խորքային գործընթացները", - նշել է Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը հավելել է, որ Իլհամ Ալիևը բացահայտ արտահայտում է իր հակահայկական քաղաքականությունը։ "Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս որպես աշխարհաքաղաքական լուսացույց։ Ալիևը, ինքն էլ չհասկանալով, նախազգուշացնում է մեզ, որ Ադրբեջանին չարժե հավատալ։ Կարծես՝ կարմիր լույս է վառում, որը մեզ կոչ է անում լինել զգոն: Այսպիսով, Ալիևը մեզ ցույց է տալիս իր իրական դեմքը", - եզրափակել է Բաբայանը։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է տեղահանվածների հետ։ Նա, մասնավորապես, հայտարարել է, թե աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում։ "Միջազգային իրավունքը, մեր ռազմական հզորությունը եւ, միեւնույն ժամանակ, տնտեսական գերազանցությունը, իհարկե, հիմնական դեր կխաղան մեր հողերի ազատագրման գործում", - ընդգծել Է Ադրբեջանի նախագահը: Նա նաեւ նշել է, թե հակամարտության այլ տարբերակ, բացի փուլայինից, չկա։ "Մեր նպատակը, մեր գլխավոր նպատակը մեր ինքնիշխանությունն ամբողջությամբ և վերջնականապես ապահովելն է, և մենք դա կանենք ։ Թող ոչ ոք չկասկածի։ Մենք, պարզապես, պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը՝ խնդիրը լուծելու համար", - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև նշել է, թե "հին ադրբեջանական Իրեվան քաղաքը տվել են հայերին"։ "Այս փաստը չի կարող արդարացվել, դա չի կարելի ներել", - հայտարարել է Ալիեւը։