Արմինֆո. Աշխարհն ակնհայտորեն երկբևեռ է դարձել։Եվ հենց հիմա՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ն ու Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի նոր վերաբաժանում են անում ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հանրապետություն> կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ։
<Դա արվում է նրանց միջև ընթացող քաղաքական և տնտեսական պատերազմների միջոցով։ Ռուսաստանը մնում է խաղից դուրս կամ, լավագույն դեպքում՝ պահեստային խաղացող: Հայաստանը պետք է պատրաստ լինի երկբևեռ աշխարհում նոր դերաբաշխմանն ու ազդեցության գոտիների համար պայքարին, որի միակ միջոցը ինքնիշխանության ամրապնդումն է: Չինաստանի Մետաքսի ճանապարհի վերականգնման հիմքում քաղաքական ծրագիր է՝ տնտեսական հզոր բաղադրիչով>,- կարծում է նա ։
Ըստ քաղաքական գործչի գնահատականների ՝ Մետաքսի ճանապարհը սոսկ ավտոմայրուղի չէ, դա ծավալուն ենթակառուցվածք է, աշխատատեղեր, որոնք շահավետ են ներդրողներին եւ այն երկրներին, որտեղ դրանք իրականացվում են։ Նրա կարծիքով ՝ Հայաստանը ճանապարհի այդ ընկալմանը դեռ չի հասել ՝ ճանապարհ կառուցելը պարզապես ասֆալտ փռել չէ։ Մինչդեռ, Հայաստանի զարգացումը նույնպես անհնար է առանց աշխարհը զգալու, ուղերձներ հղելու և ստանալու պատրաստակամության։
<Պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը՝ Մայքլ Քենտը, հայտարարում, որ Լավրովի ոչ բոլոր հայտարարություններն են արդյունավետ: Թրամփն էլ շնորհավորում է Ադրբեջանի անկախությունը ու ուղերձում չի հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սրանք մանրուքներ չեն: Չինաստանն էլ մարդասիրական օգնություն էր ուղարկում Հայաստան ու արկղերին Արարատի ու Յանցզի գետի հավերժության մասին էր գրում: ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի աշխարհում կատարվող իրադարձություններին, ու այդ փոփոխությունները պետք է ծրագրային լինեն>,-ասել է Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ երրորդ հանրապետության ստեղծումից ի վեր վերջինիս ղեկավարությունը կենտրոնացել է երկու՝ օրինաչափորեն փոխկապակցված խնդիրների լուծման վրա ՝ Արցախն ու տնտեսությունը ։ Եվ Հայաստանի երեք նախագահներից յուրաքանչյուրը, գործող վարչապետը փորձում էին դա անել իրենց բնորոշ սխալներով ու ձեռքբերումներով ։ Նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նախագահներից ոչ մեկը Արցախը վաճառելու մտադրություն չի ունեցել ։ Թեև նախագահներից մեկը փորձել է Արցախի խնդիրը լուծել՝ Հայաստանի տարածքների հաշվին ։
Նախկին վարչապետը համոզված է, որ Արցախն անհնար է վաճառել ։ Նրա կարծիքով ՝ սա անհեթեթ հորինված սուտ է, որը մշտապես օգտագործվում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի հինգերորդ շարասյան կողմից ՝ Հայաստանի բոլոր չորս ղեկավարների վրա ճնշում գործադրելու եւ նրանցից մեծ զիջումներ կորզելու նպատակով ։ Նրա գնահատմամբ ՝ Արցախի վաճառքն անտրամաբանական սուտ է, հորինված ու հատուկ ծառայությունների կողմից սպասարկվող ՝ ուշադրությունը այլ խնդիրներից ու հարցերից շեղելու նպատակով ։
<Հետևաբար՝ մենք չպետք է տրվենք այդ ստին ։ Նույնիսկ դրա տարածողները քաջ գիտակցում են դրա իրականացման անհնարինությունը։ Առաջին հերթին այն պատճառով, որ դրան կխանգարեն մարդիկ, որոնց համար Արցախը հայրենիք է ։ <Կոլցո> (1991թ.) օպերացիայից մինչև ապրիլյան պատերազմ (2016թ.), Ռուսաստանի շահերը թելադրում էին վերջինիս աջակցել Ադրբեջանին։Հետևաբար՝ հատկապես հիմա մեզ անհրաժեշտ է սերտ համագործակցություն Արցախի հարցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հետ>, - համոզված է Սարգսյանը։