Արմինֆո.ՀՀ ԱԳՆ-ում արձագանքել են Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով հայտարարությանը, նշել է, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա:
<Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման>,- նշել է Նաղդալյանը։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն է տարածել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ: Մեկ անգամ ևս ընդգծելով, որ Ադրբեջանում չեն ճանաչում Արցախի ընտրությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ իրավաբանական ուժ: <Հայաստանի վարչապետի մասնակցությունը Շուշի քաղաքում երդմնակալություն կոչված <սադրանքին> ոչ այլ ինչ է, քան սև բիծ <ժողովրդավարություն> հասկացության վրա մի մարդու համար, ով <դեմոկրատ> է ներկայանում։