Արմինֆո. COVID-19 համավարակի պայմաններում դիմակները կրելը Հայաստանում պարտադիր պայման կդառնա։ Այս մասին մայիսի 21-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Նշենք, որ կառավարության բոլոր անդամներն այսօր առաջին անգամ ներկա են եղել կառավարության նիստին ՝ պաշտպանիչ դիմակներով։
Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ առանց դիմակ կարող են լինել միայն այն դեպքում, եթե քաղաքացին իր աշխատասենյակում մենակ է գտնվում ։ Մնացած բոլոր դեպքերում, այդ թվում՝ միջանցքներում, դիմակների կրումը պետք է պարտադիր պայման լինի։ Պարետատունը, ինչպես հավաստիացրել է վարչապետը, անցնում է աշխատանքի ավելի ինտենսիվ ռեժիմի: Երկրի ոստիկանությունը կսկսի հսկողության խիստ միջոցներ կիրառել ։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նախօրեին երեկոյան, վերադառնալով աշխատանքից, ուշադրություն է դարձրել տաքսու վարորդներին եւ ուղեւորներին, որոնք ավտոմեքենայում եղել են առանց դիմակների: Մինչդեռ, ինչպես հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը, մեքենան նույնպես փակ տարածք է ։
Վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին կեղծ տեղեկություններ չտարածել կորոնավիրուսի մասին ՝ վստահելով կառավարության հաղորդագրություններին: Այդ հաղորդագրությունները հավաստի են և օբյեկտիվ, իսկ դրանց փոփոխությունները կապված են անընդհատ փոփոխվող իրավիճակի հետ, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև՝ ողջ աշխարհին ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ խնդրի լուծման միակ արդյունավետ մեթոդը յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է ։ Երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդրին ամենայն պատասխանատվությամբ մոտենա, հակառակ դեպքում երկիրը լրջագույն խնդիրների առջև կկանգնի։
Մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ։