Արմինֆո. Հայաստանի ղեկավարության հիմնական խնդիրներից մեկը հետախուզական ծառայության ուժեղացման հնարավորություններին առնչվող խնդիրների լուծումն է:
Այդպիսի կարիծք է հայտնել 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում։
Քոչարյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ապագայում Հայաստանը կունենա հետախուզություն, որն իր հնարավորություններով չի զիջի ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): "Ինձ թվում է, որ դա թույլ կտա բացառել իրադարձությունների կրկնությունը, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլին։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի գործունեությանը, ապա շտապում եմ տեղեկացնել, որ մենք կհրապարակենք բոլոր փաստաթղթերը, նույնիսկ այնպիսիք, որոնք իրենց մեջ պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է "Պետական գաղտնիքի մասին " օրենքի պահանջների պահպանմամբ", - ընդգծել է պատգամավորը։
Նշենք, որ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան:
Հանձնաժողով են ներկայացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչդեռ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ: