Արմինֆո. Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսել է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը: <Վստահ ենք, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Խնդրում ենք, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման>,- նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։