Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է "HALO Trust" կազմակերպության պատվիրակությանը՝ Արցախում կազմակերպության ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրետի գլխավորությամբ: Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ HALO Trust - ը բրիտանական բարեգործական եւ ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպություն է, որը զբաղվում է ցամաքային ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար: HALO-ն Hazardous Area Life-Support organization-ի հապավումն է (Վտանգավոր գոտիներում կենսապահովման կազմակերպություն): Հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ եւ բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քեմփբել Միտչելի կողմից 1988 թվականին: HALO Trust-ն ունի ավելի քան 7000 սակրավոր: Նրա աշխատակիցները աշխատել են Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի Լանկայում, Էրիթրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում եւ Աֆղանստանում: