Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված պարզաբանումներ տալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով: Ձեռնամարտի մեջ ներգրավվել էին նաև ԱԺ մյուս պատգամավորները։ Նույն օրը, մեկնաբանելով միջադեպը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես սադրանք և հայտարարեց, որ հիմքեր ունի ենթադրելու, որ Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցությունը իշխող ուժի նկատմամբ բարոյահոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու որոշակի պլանի մաս են կազմում: Նրա խոսքով, արդեն երկու տարի է, ինչ իշխող քաղաքական ուժը, այդ թվում նաեւ խորհրդարանական "Իմ քայլը" խմբակցությունը, ենթարկվում է մշտական հարձակումների, իսկ իշխող բլոկի կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են հաշվեհարդարով, ինչպես նաեւ սպառնում են սպանել նրանց երեխաներին: Դրա նպատակը, Ինչպես նշել է Փաշինյանը, երկրի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ ձեւավորված վստահության խաթարումն է ։ Ընդ որում, նրա խոսքով, այդ ճնշումն սկսվել է "Ապօրինի ծագումով գույքի բռնագրավման մասին" օրենքի ընդունումից հետո, եւ այդ սադրիչ գործողությունների հետեւում կանգնած են նախկին իշխանություններին սպասարկող ուժերը:
Հավելենք, որ միջադեպը հետաքննում է Հատուկ քննչական ծառայությունը: