Արմինֆո.Հայաստանում այսօր գոյություն ունեցող քաղաքական համակարգը, առնվազն, խորհրդարանական քաղաքական համակարգն ամբողջությամբ ձևավորվել է՝ որպես հեղափոխության արդյունք, շարունակություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
<Այս իմաստով հեղափոխական է ոչ միայն քաղաքական մեծամասնության կուսակցությունը, այլև՝ խորհրդարանում հայտնված մյուս ուժերը ։ Առաջին հերթին այն պատճառով,որ քաղաքացիները քվեարկել են նրանց օգտին ՝ որպես հեղափոխական թիմին աջակցող քաղաքական կուսակցությունների ։ Մեծ հաշվով, նրանց մանդատները հեղափոխությանն աջակցության արդյունքն են ։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ ուժերն առանձին դեպքերում հեղափոխական թիմի նկատմամբ իրենց պահում ավելի անսկզբունքային և կոշտ, քան դա անում են անգամ նախկին իշխանության ներկայացուցիչները>, - նկատել է նա ։
Հենց այստեղից էլ, ըստ խորհրդարանականի գնահատականների, սկզբունքային հակասություն է առաջանում, խզում այդ ուժերի ստացած մանդատի, համապատասխանաբար, վստահության և նրանց այսօրվա քաղաքականության միջև ։ Խորհրդարանում լարվածության պարբերական պոռթկումները Բաբաջանյանը պայմանավորում է նաև այդ հակասությամբ ։ Նրա կարծիքով ՝ գործող խորհրդարանական ընդդիմությունը վերջնականապես կորցրել է սեփական ինստիտուցիոնալ կայացման հնարավորությունը, ինչի արդյունքն է նաև այն, որ այսօր ներքաղաքական օրակարգը դուրս չի գալիս ներկայի ու անցյալի անպտուղ բանավեճի տիրույթից ։
Նման իրավիճակի առաջացման մեջ, նրա կարծիքով, իհարկե, կա նաև իշխանության մեղքը։ Սակայն, եթե ընդդիմությունը կայանար որպես քաղաքական, գաղափարական ծրագրային բևեռ և ներկայացներ ապագային միտված օրակարգեր, ապա իշխանությունն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարողանա քաղաքական դիսկուրսը տեղափոխել անցյալի հետ բախման դաշտ ու շահող դուրս գալ դրանից։ Այդ հնարավորությունից չօգտվելով ՝ խորհրդարանական ընդդիմությունն աստիճանաբար դառնում է լուսանցքային, ինչը բացասաբար է ազդելու ոչ միայն ու ոչ այնքան իրենց, որքան քաղաքական համակարգի վրա։
Այս առնչությամբ խորհրդարանականն ավելի ու ավելի է համոզվում սկզբունքորեն նոր, ինստիտուցիոնալ-գաղափարական ընդդիմության ձևավորման ու կայացման կենսական անհրաժեշտության մեջ ։ Վերջինս չի ասոցացվելու հակահեղափոխության հետ ՝ դրանով իսկ չսպառնալով երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը և դառնալով իշխանության իրական այլընտրանքը ։ Բաբաջանյանը սկզբունքորեն կարևոր է համարում նոր ընդդիմության մոտ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշման և Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի սեփական տեսլականի առկայությունը։
<Իհարկե, այդ կողմնորոշումը որևէ դեպքում չի կարող նույնական լինել այս կամ այն ուժային կենտրոնին ծառայելու կամ նրա միջոցով երկրի ներսում քաղաքական հաջողությունների հասնելու մոլուցքի հետ, ինչը, ցավոք, մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում Ընդդիմությունն իր բոլոր որակներով միշտ պետք է առնվազն մեկ քայլ առաջ լինի իշխանությունից ։ Քանի որ իշխանությունը հարաբերականորեն անցյալ է, իսկ ընդդիմությունը՝ ապագան։ Մինչդեռ, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ապագան լինի ավելի վատը, քան ներկան կամ անցյալը։ Այս համոզումն է պատճառը, որ ես իմ ողջ ներուժն ու կարողությունները ներդրել եմ նման որակի քաղաքական ուժ կայացնելու գործում>,-ամփոփել է խորհրդարանականը։