Արմինֆո. ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեզ համար գերառաջնահերթություն, <Ազատության> <Ֆեյսբուքյան ասուլիսի> շրջանակներում հայտարարել է Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ անելով ավելի բարձր մակարդակի սաստկացնել բանակցությունները խաղաղության հաստատման ուղղությամբ: <Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և պետք է անպայմանորեն կիրառվի քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային օրենքին>,- ասել է դեսպանը։
Պատասխանելով Ղարաբաղում ԵՄ մշտական ներկայության հնարավորության մասին հարցին՝ դեսպանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված միավոր է, այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում, Եվրամիության անդամ երկրները և Եվրամիությունն ինքը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն, ուստի ԵՄ-ն այս պահին չի կարող այնտեղ հիմնել ներկայություն։
Այդուհանդերձ, ինչպես նշել է դիվանագետը, Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել համանախագահների ջանքերին, այդ թվում` իր հատուկ ներկայացուցչի միջոցով, և Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղապահ գործընթացներին և մարդկանց միջև շփումներին երկու կողմերում։