Արմինֆո. <Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն>։ Այս մասին ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին իր ելույթում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությանը։
<Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում>,- ասել է Մնացականյանը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ելույթում Հայաստանի ղեկավարությանը մեղադրել էր հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու փորձի մեջ ՝ դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության նոր սպառնալիքներ: <Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորմանը ։ Դրա հետ մեկտեղ, բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել եւ չպետք է ծառայեն ուժի կիրառման, օկուպացիայի եւ էթնիկ զտումների արդյունքում առաջացած իրավիճակի շարունակմանն ու պահպանմանը: Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ։ Պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա հակամարտությունների շուտափույթ կարգավորումը, անկասկած, կնպաստի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, սոցիալական առաջընթացին եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդմանը>, - հայտարարել Է Մամեդյարովը: