Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ արտերկրից քաղաքացիների վերադարձի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:
Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ: Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի, կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից»:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ որոշել են Ռուսաստանից Հայաստան վերադառնալ իրենց մեքենաներով' Վրաստանի տարածքով։ Արդյունքում՝ նրանք կարողացել են հատել ռուսական սահմանը "Վերին Լարս" անցակետով, սակայն վրացական կողմը հրաժարվել է նրանց բաց թողնել՝ մարտի 16-ից օտարերկրացիների տեղաշարժի սահմանափակումների պատճառով: Այդպիսով, ՀՀ քաղաքացիները մնացել են Վրաստանի և Ռուսաստանի միջսահմանային գոտում։