Արմինֆո. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, միայն իմ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական արդարության վերականգնում չէ։ Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է, ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
<Մենք` որպես 20-րդ դարում առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետություն, առաջնահերթ դեր ենք խաղում այդպիսի հանցագործությունների միջազգային կանխարգելման գործում։ 2015 թ.-ին Հայաստանը և Ուկրաինայի համահեղինակեցին «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» սահմանելու մասին ՄԱԿ բանաձևը: Նույն ժամանակահատվածում հայ և ուկրաինացի դիվանագետները շատ արդյունավետ աշխատեցին ցեղասպանության օրակարգի շուրջ միջազգային այլ կազմակերպություններում, մասնավորապես` Վիեննայում, ԵԱՀԿ-ում: Այս հարցում մեր համագործակցության փաստը վկայում է, որ այս առնչությամբ մենք հետագա համագործակցության հսկայական ռեսուրս ունենք>,- ասել է նա:
Խոսելով հայ-ուկրաինական փոխգործակցության մասին՝ դիվանագետը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ:
<Ուկրաինայի հետ առկա է բարեկամության և աշխատանքի մեծ փորձ, հարաբերությունների լայն օրակարգ: Փաստ է, որ մեր ժողովուրդները լավ են ճանաչում միմյանց և, որ մենք միմյանց օտար չենք: Ուկրաինայում հայ համայնքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները յուրահատուկ կամուրջ են հանդիսանում Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման առումով:
Տնտեսական հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք: Կան հարցեր, որոնց շուրջ մենք համագործակցում ենք և կարող ենք զարգացնել այդ օրակարգը: Մենք կարող ենք համագործակցություն զարգացնել, օրինակ, այլընտրանքային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կան շատ լավ օրինակներ, որոնք արդեն իսկ ուրվագծվում են: Ստեղծագործական ուսուցման կենտրոն հանդիսացող հայկական հայտնի ապրանքանիշ TUMO-ի կենտրոնները գործում են ոչ միայն Հայաստանում, այլ վերջերս բացվել է նաև Փարիզում, Բեռլինում ևս նախատեսվում է բացում, կբացվի նաև Կիևում: Երկու երկրներում էլ իրականացվում են նմանատիպ ժողովրդավարական բարեփոխումներ, տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր պետություններն Արևելյան գործընկերության մաս են կազմում և այստեղ նույնպես կան շփման բազմաթիվ եզրեր:
Ամենակարևորն այն է, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը հիմնված է նույն եվրոպական արժեհամակարգի վրա: Այսինքն, մենք ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ>,- փաստել է դիվանագետը։