
Արմինֆո. Այս փուլում Ռուսաստանը լուծում է Ադրբեջանում սեփական ազդեցությունն ու դիրքերն ամրապնդելու խնդիր։ Եվ դրա լավագույն ուղին Հայաստանի և հայության շահերի ցուցադրական ոտնահարումն ու ադրբեջանական շահերի պաշտպանությունն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ։
<Ճիշտ կլինի, որ մենք, քննարկելով մեր ռուս դաշնակիցների պահվածքը, ելնենք այն իրողությունից, որ մեր տարածաշրջանում ևս պաշտոնական Մոսկվան ստիպված է գործել հաշվի առնելով ոչ միայն Հարավային Կովկասի պետությունների շահերն ու ակնկալիքները, այլև ելնելով այն միջնաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերների վերլուծությունից, որը, վստահաբար, ցույց է տալիս, որ ռուսական շահերին այստեղ մոտ ապագայում լուրջ վտանգներ են սպառնալու>,- նշել է նա։
Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթուղթը բնութագրել է որպես ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարման կարեւորագույն քայլ: <Այդ փաստաթղթերը ենթադրում են
փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում: Կարծում եմ, որ առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծումն է, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը>, - հայտարարել է նա:
Մելիքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում այսօր իշխում է Ալիևների ընտանիքը, որը, հանձինս Հեյդար Ալիևի, իշխանության եկավ Մոսկվայի աջակցությամբ: Դիվանագետը համոզված է, որ Ալիևների անկումն Ադրբեջանում կազդարարի նաև այդ երկրում ռուսական ազդեցության ավարտը, ինչ լրջագույն հետևանքները կարող է ունենալ մեր հյուսիսային հարևանի համար:
Այս առումով նա Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա ՝ ընդգծելով, որ դրա ֆոնին մնացած հարցերը երկրորդական են թվում։
<Որքանով ես հասկանում եմ, Մոսկվան իսկապես ձգտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը ։ Եվ այս փուլում սեփական մոտեցումներն այս հարցում չի փոխել։ Բաքուն, իր հերթին, պատրաստ է աջակցել դրա իրականացմանը ։ Այստեղ ես ստիպված եմ հերթական անգամ մատնանշել, որ Երևանի բանակցային դիրքերը շարունակում են մնալ թույլ և չափազանց խոցելի>, - նկատել է նա
Բանակցային գործընթացում նման իրավիճակի պահպանման հիմնական պատճառը դիվանագետը համարում է հայ բանակցողների մոտ Արցախի գոյություն ունեցող տարածքային ամբողջականության պահպանման օգտին անհրաժեշտ փաստարկման բացակայությունը։ Ավելին, դատելով բանակցային գործընթացի շուրջ վերջին ազդակներից՝ Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները, նախորդների օրինակով, ակնհայտորեն հրաժարվում են այդ ուղղությամբ անհրաժեշտ <տնային աշխատանք> կատարել։