Արմինֆո. Հայաստանում հեղափոխությունից 2 տարի անց կետային լուծումներից համակարգային լուծումների անցնելու բացակայությունը մեր գլխավոր խնդիրն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
<Այո, մենք լուրջ պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ, վերջ է տրվում ոստիկանության ամենաթողությանը, լրատվամիջոցների աշխատանքի ոչ մի սահմանափակում չկա, բանտերից ազատ են արձակվել քաղբանտարկյալները, իսկ մաքսավորներն ու հարկայինները չեն ահաբեկում բիզնեսը ։ Այս ամենը մենք շատ բարձր ենք գնահատում, այնուամենայնիվ, խոստացված լյուստրացիան վարչապետ Փաշինյանն այդպես էլ չիրականացրեց ։ Դեռեւս գոյություն ունեն նախկին իշխանության կողմից ընդունված Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը։ Կոռուպցիայի դեմ պայքարի օրենքների ամբողջական փաթեթը չի ընդունվել, իսկ դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդունված օրենքների փաթեթը վեթինգի ինստիտուտ չի պարունակում>, - ընդգծել է նա ։
Մինչդեռ, Գրիգորյանի գնահատմամբ, քաղաքացիները նախկին ռեժիմի դեմ պայքարի են դուրս եկել հենց կոռուպցիայի, պաշտոնյաների ու օլիգարխների ամենաթողության, իրենց պարտադրված Սահմանադրության ու խայտառակ Ընտրական օրենսգրքի դեմ պայքարի կարգախոսով, որը թույլ չի տալիս բազմակուսակցական խորհրդարան ընտրել:
Քաղաքագետը նշել է Փաշինյանի շատ կադրերի մոտ ոչ միայն քաղաքական, այլ նաև կառավարման փորձի բացակայությունը: Այս խնդրին գումարվել է կորոնավիրուսը, որի վրա այսօր կենտրոնացած է կառավարությունը։ Այս առումով Հայաստանում ներքին իրավիճակը, նրա գնահատմամբ, այսօր բավականին բարդ է ։ Եվ այս ամենը քաջ գիտակցում են Ռուսաստանում, որի ղեկավարության համար հեղափոխական Փաշինյանը շարունակում է մնալ անցանկալի քաղաքական ֆիգուր ։
Գրիգորյանի գնահատմամբ, ռուսական իշխանությունները հարձակման են անցել Հայաստանի ղեկավարության դեմ, ինչի մասին, ի թիվս այլ բաների, վկայում են ԱԳ նախարար Լավրովի վերջին հայտարարությունները Արցախյան հակամարտության կարգավորման եւ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին: Քաղաքագետը կարծում է, որ Լավրովի վերջին հայտարարություններն ուղղված են վարչապետ Փաշինյանի դիրքերի թուլացմանը և Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունների ակտիվացմանը նոր Հայաստանի դեմ պայքարում:
<Այս առումով ակնհայտ է, որ հենց լյուստրացիան կարող էր օգնել Փաշինյանին ՝ մաքրել կառավարման համակարգը կոռուպցիոներներից եւ գործակալներից։ Նա դա դեռ չի արել, ինչը թույլ է տալիս վերոնշյալ անձանց ոչ միայն ներկայանալ որպես Հայաստանի ապագայով մտահոգ ազնիվ քաղաքացիներ, այլև՝ կոշտ քննադատել իշխանությանը։ Այս ամենը վարչապետը տեսնում է, հասկանում է, խոսում է այդ մասին, բայց սպառնալիքների վերացմանն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում>, - ամփոփել է քաղաքագետը։