Արմինֆո. Հայաստանում իշխանությունը կենտրոնացվում է նոր իշխող դասի ձեռքում, որը պահպանում է ժողովրդականությունն ու քաղաքական լեգիտիմությունը։
Բայց պատրա՞ստ է արդյոք այդ իշխանությունն իրականացնել համակարգային փոփոխություններ։ Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց հիմնական ուշադրությունը պետք է հատկացվի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որպեսզի նվազեցվի <հաղթողը ստանում է ամեն ինչ> համակարգի ազդեցությունը։ Այս մասին Ponars Eurasia հետազոտական ռեսուրսում հրապարակված՝ <Հետհեղափոխական Հայաստան. նոր սերունդ, հին խնդիրներ> հոդվածում գրում է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետի կարծիքով ՝ մինչև կարանտինի չեղարկումը հեղափոխական կառավարությունը դեռ ժողովրդականություն կվայելի, որն անհրաժեշտ է դատական համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման համար, որի ընթացքում հին էլիտաները կհեռացվեն դատական եւ իշխանության այլ ճյուղերից: Հաշվի առնելով, թե որքան բևեռացավ հայ հասարակությունը հեղափոխության նախօրեին, դժվար է պատկերացնել, որ նախահեղափոխական և հետհեղափոխական էլիտաները պայմանավորվեն համակեցության շուրջ, ինչը փոխզիջումներ և փոխգործակցության ու իշխանության բաժանման բարդ համակարգ կպահանջեր։
Որպես կանոն, հիբրիդային ռեժիմով կառավարվող հետխորհրդային երկրի համար իշխող ՀՀԿ-ն եղել է ոչ այնքան քաղաքական կուսակցություն, որքան՝ պետական պաշտոնյաների արհմիություն (սկսնակների համար կարիերայի աճի համակարգով) և փոխկապակցված խոշոր բիզնես-օպերատորների հետ։ Գաղափարական հիմքից զուրկ նման կառույցը կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե այն միավորված է պետական վարչակազմի հետ և աջակցություն է ստանում խոշոր բիզնեսից ։ Հեռացված լինելով իշխանությունից ՝ այս համակարգը չի կարող խուսափել փլուզումից ու անկումից ։ Բիզնես օպերատորները կորցնում են աջակցելու շահագրգռվածությունն այն կողմին, որը չի կարող արտոնությւոններ առաջարկել իրենց։ Հավակնոտ երիտասարդները չեն անդամակցի մի կուսակցության, որը չի առաջարկում կարիերայի հնարավորություններ պետական ծառայությունում։ Միջին օղակի տեխնոկրատները հրաժարվում են նախկին պատկանելությունից, որպեսզի շարունակեն աշխատել նոր <բոսերի> ղեկավարությամբ։ Մնում են սակավաթիվ բարձրաստիճան անձինք, ովքեր փորձում են քաղաքականության մեջ մնալ ՝ քննադատելով նոր կառավարությանը ։
Իսկանդարյանի կարծիքով, ամենահավանական սցենարն այն է, որ հաղթողին բաժին է հասնում ամեն ինչ, իսկ պարտվողը մոռացության է մատնվում։ Դա արդեն տեղի է ունեցել Հայաստանում 1998թ.պետական հեղաշրջումից հետո, որի արդյունքում տապալվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը ։ Այն ժամանակ իշխող Հայոց համազգային շարժումը արագ վերածվեց Տեր-Պետրոսյանի երդվյալ կողմնակիցների մարգինալ խմբի, մինչդեռ ՀՀԿ-ն արագ լրացրեց իշխանության կուսակցության տարածքը։
Ի տարբերություն 1998-ի, այն, ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ, քաղաքական սերնդափոփոխություն էր, քանի որ կոնտրէլիտան ի հայտ չեղավ իշխող կուսակցության ներսում․ այն եկավ փողոցից ։ Որոշների համար փոխնախարարի պաշտոն ստանալը կամ խորհրդարանի անդամ դառնալը նրանց առաջին աշխատանքն էր համալսարանն ավարտելուց հետո ։
Հայաստանի պետական պաշտոնյաների նոր կոհորտան ավելի երիտասարդ է, քան նախորդները և ներկայացնում է հետխորհրդային առաջին սերունդը։ Նրանք, որպես կանոն, խորհրդային < չափահաս> փորձ չունեին։ Նրանց սերունդն ունի այլ տեսակետներ եւ առաջնահերթություններ, քան իրենց նախորդները շատ ոլորտներում՝ օտար լեզվի իմացությունից մինչեւ թվային տնտեսության վերաբերյալ գիտելիքների առկայությունը: Շատերը կրթություն են ստացել Արևմուտքում և խորհրդային պրակտիկան համարում են անախրոնիզմ ։
Այնուամենայնիվ, կառուցվածքային առումով հիբրիդային ռեժիմը գոյատեւում է՝ չնայած անձերի, սերունդների եւ ոճերի փոփոխությանը: Խորհրդարանն աշխատում է այնպես, ինչպես հեղափոխությունից առաջ՝ գերիշխող կուսակցությամբ, որը մեծամասնություն է կազմում և կարող է օրինագծեր ընդունել՝ ուշադրություն չդարձնելով մյուս երկու խորհրդարանական կուսակցություններին, առավել ևս, որ նրանք ամբողջությամբ ընդդիմադիր կուսակցություններ չեն և ինչ-որ պահի պաշտպանել են Փաշինյանին ։ Բազմակարծությունը խորհրդարանում նվազել է ։
Ինչպես և սպասվում էր, <Իմ քայլը> քաղաքական կուսակցություն դառնալու նշաններ չի ցուցաբերում՝ իր ծրագրով և գաղափարախոսությամբ ։ Նրա անդամները հավատարիմ են առաջնորդին, այլ ոչ թե՝ ինստիտուտին ։ Նոր ռեժիմը վերականգնել է հին համակարգը, որտեղ ընդդիմությունը թույլ է, բայց գերիշխող կուսակցությունը՝ նույնպես ։ Զսպումներ ու հակակշիռներ ստեղծելու փոխարեն, իշխանության ճյուղերը հավատարմություն են ցույց տալիս ազգային առաջնորդին ։
Հնարավոր է ՝ եկել է ինստիտուցիոնալացման որոշ միջոցների անցնելու ժամանակը։ Քաղաքականության մեջ նոր խաղացողների պարզ ներգրավումը բավարար չի լինի :
Իսկանդարյանի կարծիքով՝ <վատ տղաների> փոխարինումը <լավ տղաներով> ֆունկցիոնալ քաղաքական համակարգ չի երաշխավորում: Հին ատելի պաշտոնյաների փոխարինումը երիտասարդներով, օրինական ընտրությունների անցկացումը հաջողության հասնելու բավարար միջոցներ չեն։ Մինչև հիմա հեղափոխություններ վերապրած բոլոր հինգ հետխորհրդային երկրներում կենսունակ, բազմակուսակցական քաղաքական համակարգերի ստեղծման հաջողությունները բավական համեստ են։ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը դեռեւս փնտրում են քաղաքական մոդելներ, որոնք կարող են հանգեցնել նրանց արդար եւ կայուն զարգացման: