Արմինֆո. <Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջման ճանապարհով, մենք միակողմանի զիջումների չենք գնա>, - մայիսի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող սպասել, որ Հայաստանը քայլ կկատարի, որը ենթադրում է զիջում, եւ որը վնաս կհասցնի ազգային անվտանգությանը:
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ։ <Այս հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարություններով հանդես են եկել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակները։ Ինձ թվում է, որ այս առումով մենք էլ բան չունենք խոսելու։ Եվ կարիք չկա էլ ավելի փորփրելու>,- ասել է նախարարը ։
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի համար ամենակարեւորը Արցախի անվտանգությունն է ։ <Մեր գլխավոր խնդիրը էկզիստենցիալ անվտանգություն ապահովելն է ։ Բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ չի լինելու 2016 թվականի ապրիլի կրկնություն, չի լինելու 1991-1994 թվականներ ։ Դրա համար մենք բավարար վճռականություն ունենք ։ Այս հարցում կա համազգային կոնսենսուս, որը միայն ամրապնդում է հայկական կողմի դիրքերը>, - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։