Արմինֆո. Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի, և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները», - գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Վարդենիսում կորոնավիրուսով առաջին հիվանդը տեղի պոլիկլինիկայի բժիշկն էր: Հետագայում վարակը հայտնաբերվել է ոչ միայն տվյալ բուժհաստատության մի շարք աշխատակիցների, այլև Վարդենիսի հիվանդանոցի անձնակազմի շրջանում։ Վերը նշված պոլիկլինիկան չի գործում ապրիլի 17-ից, ապրիլի 21-ից սահմանափակվել է Վարդենիսի տեղական հիվանդանոցի աշխատանքը, գործում է միայն շտապօգնության ծառայությունը եւ իրականացվում է շտապ, անհետաձգելի բուժօգնություն: Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում հիվանդների թիվը գերազանցել է 60-ը։
Ապրիլի 22-ից Վարդենիս համայնքում սահմանվել է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, և այդ նպատակով տեղադրվել են մի քանի անցակետեր: Մասնավորապես, արգելված է անձանց եւ փոխադրամիջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ պարագաների, պարենամթերքի, դեղորայքի եւ վառելիքի մատակարարումների: Պարետատան որոշմամբ սահմանափակումները կտեւեն մինչեւ 2020 թվականի մայիսի 3-ը՝ ներառյալ:
Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1932 դեպք, Ապաքինվել է 900 մարդ, մահացել է 30 հիվանդ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 հիվանդ: