Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի ուղերձը, որում Թրամփը հերթական անգամ Ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործել է "Մեծ Եղեռն"։ ANCA-ի հայտարարության մեջ նշվում է, որ չորս տարի շարունակ նախագահ Թրամփը չի կարողացել պատշաճ կերպով դատապարտել Օսմանյան թուրքական կառավարության կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ոչնչացումը՝ օգտագործելով "ցեղասպանություն" բառը: Մինչդեռ, ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր պաշտպանել հետապնդվող քրիստոնյաներին եւ աշխարհի այլ կրոնական խմբերի ներկայացուցիչներին: Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես ընդգծում է ANCA-ն, Անկարայի քաղաքականությունն է, որը պարտադրվել է Վաշինգտոնին Թրամփի կողմից: Նշվում է նաև, որ խուսափելով "ցեղասպանություն" եզրույթի կիրառումից, Թրամփը խոչընդոտում է Թուրքիայի նկատմամբ արդարադատության իրականացմանը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ։ "Չնայած անցյալ տարի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության գրեթե միաձայն ճանաչմանը՝ նախագահ Թրամփը հերթական անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ բացահայտ հակաամերիկյան բռնապետին, տրամադրեց վետոյի իրավունք ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում միլիոնավոր հայերի եւ այլ քրիստոնյաների ցեղասպանության մասին ԱՄՆ-ի ազնիվ հիշողության նկատմամբ", - նշվում է հայտարարության մեջ: