Արմինֆո. Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ—
բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
«Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ—բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի», - ասվոում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀԾԿՀ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ այսօրվանից Հայաստանի բնակիչները ժամանակին պետք է կատարեն կոմունալ ծառայությունների գծով իրենց վճարային պարտավորությունները։ «Հաշվի առնելով, որ՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։ Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները», - ասվում է ՀԾԿՀ հայտաարարությունում։