Արմինֆո. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մի քանի սերունդների և համայն հայության գործն է, և այդ տեսանկյունից հսկայական աշխատանք է կատարվել։ Այս մասին ապրիլի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուղերձն այսօր այն է, որ մենք բարդ պայմաններում ենք գտնվում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, բայց մյուս տարիներին էլ տարբեր իրավիճակներ ու դժվարություններ են եղել, բայց երբեք չի դադարել սուրբ նահատակների հիշատակը հարգելը: Նրա խոսքով, այն ձևաչափը, որն այս տարի ընտրվել է, պարունակում է այն կարևոր ուղերձը, երբ աշխարհասփյուռ հայերը հնարավորություն կունենան միասին մասնակցել այդ գործընթացին և մեկ անգամ ևս միասնական ձայնով հիշեցնել, որ նույնիսկ 105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել արդարության վերականգնման համար, և որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայերին վերաբերող հարց չէ:
"Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր գործիք է, քայլ ՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ", - ընդգծել է նա:
Պատասխանելով միջազգային ասպարեզում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի քայլերի մասին ԱրմԻնֆոյի հարցին' նախարարն ընդգծել է, որ կանխարգելման քայլերի իրականացման ավանդույթը հայկական կողմից արմատավորվել է դեռեւս 1998 թվականից, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում առաջին անգամ ընդունվել է Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված բանաձեւ: "Այդ ժամանակից ի վեր Հայաստանը հետևողականորեն բավական խորը և բովանդակալից միջազգային օրակարգ է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ", - ասել է նախարարը, հավելելով, որ Հայաստանը տարբեր բանաձևեր է նախաձեռնում ՄԱԿ տարբեր կառույցներում, որոնք կոչված են լրացնելու տարբեր գործիքներ ՝ զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Նրա խոսքով, այս տարի Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ փուլերում գործունեության արդյունքները և նախանշում այդ ուղղությամբ հետագա գործունեությունը: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ բանաձեւն այժմ օրակարգում է, սակայն կորոնավիրուսի պատճառով խորհրդի աշխատանքը ընդհատվել է, եւ հենց աշխատանքը վերսկսվի, գործընթացը կհասցվի տրամաբանական ավարտին: Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։