Արմինֆո. Ելնելով անվտանգության միջոցառումներից և կազմակերպչական նկատառումներից՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը այսօրվանից փակ կլինի՝ մինչև ապրիլի 24-ը ներառյալ: Ադս մասին ապրիլի 21-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նա պատմել է, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նշանավորվելու են ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, եկեղեցիների զանգերով: Այդ ժամին կմարվի փողոցային լուսավորությունը Երևանում և մարզկենտրոններում։ Միաժամանակ, Աղաջանյանը քաղաքացիներին կոչ է արել հետեւել այդ օրինակին իրենց բնակարաններում, բջջային հեռախոսների լույսերն ուղղելով պատուհաններին՝ դրանով իսկ խորհրդանշելով հավերժական կրակի շուրջ ներկայության միասնականությունը: Նա նշել է, որ քաղաքացիները կկարողանան առցանց հետեւել Հանրային հեռուստատեսության եթերում հուշահամալիրի միջոցառմանը, որտեղ հիշատակի լուսավոր րոպեն կնշանավորվի Լիանա Ալեքսանյանի եւ Կամո Սեյրանյանի՝ "Արի իմ սոխակ" երգի կատարմամբ:
Անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Աղաջանյանը տեղեկացրել է, որ ժամը 10:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է ժամանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունն ուղեկցվելու է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարումներով:
Ընդ որում, ժամը 08:00-ից Հայաստանի քաղաքացիները կկարողանան իրենց անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին, իսկ Սփյուռքի ներկայացուցիչները եւ այլ երկրների բնակիչները ՝ 0037433191500 համարին՝ դրանով իսկ հաստատելով իրենց ներկայությունը հիշատակի օրը: Օրվա ընթացքում հաղորդումներ ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի պատերի վրա։
Բացի այդ, ժամը 22:00-ից մինչեւ լուսաբաց սպասվում է պետական կոլեկտիվների եւ մենակատարների ելույթների ծրագիրը, որոնք կկատարեն ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական ստեղծագործություններ: