


Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի կայուն տեմպեր են դիտվում՝ օրական 3-4 տոկոսի սահմաններում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ հիմնվելով վերջին շաբաթվա տվյալների վերլուծության վրա։
«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:
Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:
Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների», - գրել է նախարարը:



