Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) 15 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի երկրում կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետևանքները մեղմելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, գումարը կնվիրաբերվի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, կձեռնարկի անհապաղ, ինչպես նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցառումներ՝ դրանք հնարավորինս բավարարելու ուղղությամբ:
«1996 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը մեկնարկելուց ի վեր` HSBC Հայաստանը մշտապես սատարել է երկրում ամենախոցելի խմբերին: Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ևս մեր նվիրատվությունը կօգտագործվի կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքներից առավել շատ տուժած խմբերի կարիքները հոգալու և դժվարությունները մեղմելու համար: Այս նպատակով մենք համագործակցում ենք մեր երկարաժամկետ գործընկերոջ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, որը համարվում է Հայաստանում և աշխարհում աղետների արձագանքման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գումարը տրամադրվել է
HSBC-ի` 25 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ Աղետների արձագանքման հիմնադրամի շրջանակում, որի նպատակն է աջակցել այս իրավիճակով պայմանավորված միջազգային առողջապահական գործողություններին, պաշտպանել խոցելի խմբերին և նպաստել սննդամթերքի ապահովմանը ողջ աշխարհում: Ընդհանուր գումարից 15 միլիոն ԱՄՆ դոլարն արդեն իսկ ուղղվել է տարբեր երկրներում անհապաղ կարիքների բավարարմանը, իսկ մնացած 10 միլիոն ԱՄՆ դոլարն առանձնացվել է կորոնավիրուսային համավարակի երկարաժամկետ հետևանքների հաղթահարման համար:
HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ.- ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2,715 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2019թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 270 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ