Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը կորոնավիրուսն է որոշում, քանի որ հակամարտությունը չի կարող անմասն մնալ աննախադեպ և դժվար կանխատեսելի համաշխարհային միտումներից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Քաղաքակրթությունների երկխոսություն> ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
<Նույնիսկ անկախ ներկա իրավիճակից ՝ ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաանկանխատեսելի հակամարտություններից մեկն էր ։ Եվ, համապատասխանաբար, միշտ էլ աչքի է ընկել որեւէ ճշգրիտ կանխատեսման անհնարինությամբ։ Ես անձամբ այսօր որևէ նախադրյալ չեմ տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման համար՝ նույնիսկ քառամյա վաղեմության իրադարձությունների մակարդակով>, - նշել է նա ։
Հիշեցնենք, որ Արցախում քառօրյա պատերազմն սկսվել է 2016-ի ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի հանկարծակի հարձակմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են մոտ 500 մարդ՝ էլ չխոսելով տեխնիկայի կորուստների մասին ։ Հայաստանն ու Արցախը կորցրել են ավելի քան 100 մարդ։
Արցախի վերաբերյալ իր կանխատեսումներում քաղաքագետը ելնում է շրջակա տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավական լուրջ իրավիճակից ։ Մալաշենկոն նշել է, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարությունն այսօր կենտրոնացած է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, այլ ոչ՝ թե աշխարհաքաղաքականության վրա: Գլոբալ խաղացողները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, ԵՄ երկրներն իրենց հերթին փորձում են COVID-19-ի հաղթահարման արդյունավետ ուղիներ գտնել:
<Ոչ ոք այսօր դեռ չգիտի, թե որքան կտևի այս ամբողջ իրավիճակը ։ Հետեւաբար՝ բոլորի հիմնական խնդիրն է վերահսկել իրավիճակը, արդյունավետ լուծում գտնել, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել: Մնացած ամեն ինչ այսօր երկրորդ պլան է մղվել ։ Տագնապալի է իրավիճակը Ռուսաստանում, Չինաստանում կորոնավիրուսը հաջողվում զսպել միայն բնակչության համատարած մեկուսացման միջոցով ։ Նման իրավիճակն ու պատերազմը պարզապես համատեղելի չեն ։ Եվ դա՝ անկախ որեւէ մեկի ցանկություններից եւ ներքաղաքական կոնյունկտուրայից>, - կարծում է Մալաշենկոն :