Արմինֆո. Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը, սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում: Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը: