Արմինֆո. ԱՄՆ-ը, ի լրումն նախկինում արդեն հատկացված 60 մլն դոլարի, 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին հաղորդել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մարտի 31-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում։
Նա ընդգծել է, որ այդ միջոցներն ուղղորդվելու են լաբորատոր գործունեության իրականացմանն աջակցմանը, հիվանդության ախտորոշմանը, վարակված անձի շփումների հայտնաբերմանը եւ տեխնիկական այլ հարցերի լուծմանը:
Թրեյսին հավելել է, որ այդ օգնությունը հանդիսանում է այն շարունակական օգնության մի մասը, որը ԱՄՆ-ն ցուցաբերում է Հայաստանի առողջապահության ոլորտին: Այս համատեքստում նա արձանագրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրվել է 106 մլն դոլար: Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ ՀՀ-ում վերջին տարիներին կառուցվել է 6 կենսալաբորատորիա, եւ դրանցից կենտրոնականը, որը գտնվում է Ավանի կենտրոնում, միակն է, որտեղ կարելի է ախտորոշել կորոնավիրուսը՝ անվտանգության ապահովման տեսանկյունից:
Նա նաեւ տեղեկացրել է, որ դեսպանությունը նախատեսում է օգնություն ցուցաբերել շուրջ 1000 տարեցների ՀՀ Շիրակի մարզում. օգնությունը լինելու է պարենային աջակցության, առաջին անհրաժեշտության միջոցների տրամադրման տեսքով:
Միեւնույն ժամանակ, դիվանագետը կոչ է արել լրջորեն վերաբերվել այդ մարտահրավերին եւ պահպանել հիվանդության կանխարգելման բոլոր միջոցները:
Թրեյսին նաեւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության կողմից երկրում համաճարակի տարածումը թույլ չտալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նա նաեւ արձանագրել է, որ կառավարության ձեռնարկած սահմանափակող միջոցները բարդ որոշում է, սակայն՝ անհրաժեշտ:
ԱՄՆ դեսպանն, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ այդ քայլերի դրական պտուղներն արդեն շոշափելի կլինեն տեսանելի ապագայում "Վերջում նա տեղեկացրել է, որ իրենց համար թիվ մեկ խնդիրը գործընկերների, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների եւ այցելուների անվտանգության ապահովումն է։ Թրեյսին ընդգծել է, որ իրենք լսել են ՀՀ կառավարության կոչերը և հնարավորինս նվազագույնի են հասցրել դեսպանատան աշխատակիցների թիվը, հավելելով, որ իրենք շարունակում են աշխատել և հասանելի լինել ԱՄՆ քաղաքացիների, գործընկերների և ՀՀ կառավարության համար: Միաժամանակ, դիվանագետը քաղաքացիներին կոչ է արել դիմել դեսպանատան հյուպատոսական բաժին վիզաների հետ կապված բոլոր հարցերով ՝ նախապես այցելելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքի համապատասխան բաժին: