Արմինֆո. Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի («Արդարություն» կուսակցություն) կենտրոնական շտաբը հաղորդել է համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների մասին: Տարածված հայտարարության համաձայն, բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները:
Ըստ «Արդարություն» կուսակցության ունեցած տեղեկությունների, նման փաստեր են արձանագրվել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում: Այդ առնչությամբ կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ խախտումները վերացնելու նպատակով:
Հավելենք, որ դիտորդական առաքելությունը, մասնավորապես, իրականացնում է Իրազեկ քաղաքացիների Միությունը, այդ թվում ՝ նրա Ստեփանակերտի բաժանմունքը: ԻՔՄ ներկայացուցիչներն աշխատում են 52 ընտրատեղամասերում, իսկ շարժական խմբերը կարձագանքեն խախտումների մասին ստացվող ահազանգերին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի Արցախի 103,663 քաղաքացի, ստեղծվել է 280 ընտրատեղամաս։ ԼՂՀ սահմաններից դուրս ընտրատեղամասերից մեկն աշխատում է Երևանում, որտեղ ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 94 ընտրող:
Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ ընտրատեղամասերում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել. դրանք բոլորը նախապես ախտահանվել են, իսկ դիտորդները, լրագրողները, տեղամասային հանձնաժողովների անդամները եւ ընտրողներն ապահովվել են անհատական պաշտպանության միջոցներով եւ մեկանգամյա օգտագործման գրիչներով: