Արմինֆո.Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
Գաբրիելյանը տեղեկացրել է, որ աշխատակիցը վարակվել է իր կնոջից եւ շարունակում է բուժում ստանալ ։ Բացի այդ, Լուսակերտում ԱԻՆ-ին պատկանող շինություններում մեկուսացվել են Փրկարար ծառայության 11 աշխատակիցներ: Եվս 6 աշխատակից գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Ինչպես նշվել է, ԱԻՆ բոլոր աշխատակիցների առողջական վիճակի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն. օրական երեք անգամ ջերմաստիճանը չափվում է, օրական երկու անգամ շինություններում կատարվում են ախտահանման աշխատանքներ: Բացի այդ, նրանց տրամադրվել են 15 հազար միավոր անհատական պաշտպանության միջոցներ։
Գաբրիելյանը նաև հաղորդել է, որ ստեղծվել են պահուստային ջոկատներ, որոնցում ներգրավվել են ԱԻՆ աշխատակազմի փրկարարական աշխատանքների փորձ ունեցող աշխատակիցներ: Այսպես, միայն ԱԻՆ կենտրոնական ապարատի այդ ջոկատներում ընդգրկվել է շուրջ 180 մարդ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գալ իրենց գործընկերներին փոխարինելու։ Բացի այդ, հանրապետության մարզերում ձևավորվել են ախտահանման աշխատանքների հինգ հոգանոց հատուկ խմբեր ։