Արմինֆո.Պացիենտները, որոնք թեթև են տանում կորոնավիրուսը, ինֆեկցիոն հիվանդանոցից կտեղափոխվեն հյուրանոցներ
և կապահովվեն սնունդով: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Այսօրվա ընթացիկ խնդիրը, որ ունենք այս ոլորտում, հետևյալն է. մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք: Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, ովքեր որևէ բուժում չեն ստանում, այսինքն՝ թեթև դեպքեր են, ախտորոշված է դրական, բայց նրանք բուժում չեն ստանում: Այսինքն՝ զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, և հիմա մենք փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները: Ես կարծում եմ, որ այստեղ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, փորձենք շարունակել և հյուրանոցների հետ բանակցենք: Սա կարծում եմ նաև օգտակար է տնտեսության առումով, հյուրանոցների համար էլ, որոնք, ըստ էության, դատարկ են այսօրվա իրավիճակով: Այստեղ, իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված։ Բայց նախ հյուրանոցներն իրենք ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները և հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ ինչ-որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են, և կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս եթե հետո ախտահանվի>,- ասել է վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. <Մեր կողմից այդ ցուցումները հստակ կտրվեն, և հիմա էլ, հենց հիմա արվում է այդ ամեն ինչը այն 7 մեկուսացման վայրերում, որ այս պահին գործում են, երբ մենք ունենում ենք մեկուսացվածների մեջ դրական դեպք: Այդ սենյակն ամբողջությամբ ախտահարվում է, և մենք հաջորդ մարդկանց, ովքեր հետևում են նորից մեկուսացման, պարզապես նորից տեղավորում ենք նույն սենյակներում: Այսինքն՝ թե՜ ստանդարտ ախտահանումը կլուծի այդ հարցը, և թե՜ ամեն կոնկրետ դեպքից հետո հատուկ արվող ախտահանումը:
Եվ ես էլ եմ կարծում, որ Ձեր առաջարկը շատ տեղին է, ու նաև մենք նման միջազգային փորձ էլ ունենք: Օրինակ, նույն Իսրայելում, ես անցած շաբաթ խոսել էի պատասխանատուների հետ, իրենք արդեն 1000 թեթև պացիենտ պահում են իրենց հյուրանոցներում: Եվ այստեղ չեմ կարծում, որ որևէ բրենդի մրցունակության հարց կարող է առաջանալ՝ հատկապես հաշվի առնելով տուրիզմում տիրող իրավիճակն ամբողջ աշխարհում և ոչ միայն Հայաստանում>: