Արմինֆո.Հայաստանը 116-րդ հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի ամենաերջանիկ երկրների՝ World Happiness Report-ի վարկանիշային աղյուսակում։
Այսպես, թվով 8-րդ զեկույցի համաձայն, երջանիկ երկրների առաջին տասնյակում են հայտնվել Ֆինլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան եւ Լյուքսեմբուրգը:
Հայաստանի հարեւաններից՝ Վրաստանը 117-րդ տեղում է, Իրանը՝ 118-րդ, Թուրքիան ՝ 93 - րդ, Ադրբեջանը ՝ 89-րդ հորիզոնականում։
Հայաստանի դաշնակից Ռուսաստանը 73-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա համեմատ 5 կետով վատթարացնելով դիրքերը։
ԱՄՆ-ը 18–րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, իսկ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, համապատասխանաբար, 13-րդ եւ 23-րդ հորիզոնականներն են զբաղեցրել:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ամենադժբախտ երկրներն են Աֆղանստանը (վարկանիշի վերջին հորիզոնականը), Հարավային Սուդանը, Զիմբաբվեն, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Տանզանիան, Բոթսվանան, Եմենը, Մալավին եւ Հնդկաստանը:
World Happiness Report-ի զեկույցն ամեն տարի կազմում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման ստորաբաժանումը: Դրանում գնահատվում է 156 երկիր, և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի ակնկալվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։ Առաջին անգամ ՄԱԿ-ի երջանկության մասին համաշխարհային զեկույցը հրապարակվել է 2012 թվականին։