Արմինֆո. Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հավանականությունը բավական բարձր է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
<Կարծում եմ, որ այս առումով որոշիչ նշանակություն կունենան նախընտրական քարոզարշավի վերջին օրերը, երբ իրավիճակը վերջնականապես պարզվի ։ Առայժմ երեք թեկնածու եմ տեսնում։ Մեկին լրատվամիջոցները հռչակել են Սորոսի դրածո, երկրորդին՝ կոռումպացված քամելեոն, երրորդն այնքան վարկաբեկված է, որ նրա կողմնակիցներն են բացառապես Հայաստանի նախկին իշխանությունների հետ փոխկապակցված մարդիկ>, - նկատել է նա ։
Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցվել է 14 թեկնածու: Իշխանության հիմնական թեկնածուն նախկին պետնախարար, Արցախի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Արայիկ Հարությունյանն է։ Նրա հիմնական մրցակիցը հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, որին աջակցում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Կարևորելով սպասվող ընտրությունների արդյունքները ՝ դիվանագետը քարոզարշավի ավարտին կանխատեսում է լարվածության աճ ։ Նրա գնահատմամբ ՝ Արցախում իրավիճակը բավականին լարված է և թեկնածուների փոխադարձ սև PR-ով պայմանավորված ՝ ապակառուցողական է իր էությամբ ։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել նախընտրական քարոզարշավի ավարտին առաջատարների փոփոխությունը:
Ըստ Մելիքյանի՝ այսօր Արցախում առաջին պլանում թեկնածուների համար ակտիվ աշխատող մարդիկ են։ Այդ մարդիկ ընտրական փոքրամասնություն են ներկայացնում, մինչդեռ մեծամասնությունը լուռ հետևում է ընթացող գործընթացներին, և
ընտրությունների օրը կասի իր վճռորոշ խոսքը։
Մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության և անձամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքը Արցախի ընտրական գործընթացների նկատմամբ ՝ դիվանագետը նշել է, որ Երեւանը պետք է ավելի շատ վստահի արցախցի ընտրողի քաղաքական հասունությանը: Մելիքյանը համոզված է, որ արցախցիները շատ լավ են տարբերում թշնամուն իրական հայրենասերից ։