Արմինֆո. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է իսրայելցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը՝ մեկնաբանելով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի խոսքերը:
Աբդոլլահիյանը, ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, անսպասելի է համարել Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու պաշտոնական Երեւանի որոշումը: <Նման միջոցը, անկասկած, հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին և բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար>, - նշել է նա: Նա նաեւ Թեհրանի եւ Երեւանի բարեկամական հարաբերությունները բնութագրել է որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանման գլխավոր գործոններից մեկը եւ հույս հայտնել, որ Հայաստանի կառավարությունը երկու անգամ կմտածի իր որոշման մասին և կընդունի Պաղեստինի հալածված և տեղահանված բնակչությանն աջակցելու անհրաժեշտ ծրագրեր:
Ինչպես նշել է Ավիգդոր Էսկինը, ոչ ոք իրավունք չունի թելադրել Հայաստանին՝ ում հետ ընկերություն անել եւ ում հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: <Ոչ միայն կովկասյան տարածաշրջանի պետությունները, այլեւ արաբական շատ երկրներ ակտիվորեն հարաբերություններ են հաստատում Իսրայելի հետ, քանի որ դա համապատասխանում է նրանց շահերին: Վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ- ով առաջ է անցել Անգլիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից: Իսրայելը ճանաչված համաշխարհային առաջնորդներից մեկն է հայթեքի, բժշկության և գյուղատնտեսության ոլորտում: Իսրայելի հետ բարեկամությունն իրական օգուտ է բերում։ Իրանի կառավարությանն արժեր Իսրայելից խաղաղ արարել սովորել։ Դա օգտակար կլիներ ինչպես Իրանի ժողովրդին, այնպես էլ՝ վերջինիս հարևաններին ։ Հուսով եմ, որ մոտենում է այն օրը, երբ Իրանը դեսպանատուն կբացի Երուսաղեմում։ Եվ Հայաստանը կարող է նպաստել դրան>, - ընդգծել է քաղաքագետը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ