Արմինֆո. Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:
ՙՄիջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում՚, - ասվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ փետրվարի վերջին կարանտին էր հայտարարվել ՝ սահմանափակելով ՀՀ ԶՈՒ անձնակազմի տեղաշարժը և արգելելով ցանկացած այցելություն: Իսկ արդեն երեկ քաղաքացիներին կոչ էր արել պաշտպանական հաստատություններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պաշտպանական դիմակների առկայության դեպքում։
Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու 6 դեպք, ևս մի քանի տասնյակ մարդ գտնվում է կարանտինային գոտում։