Արմինֆո.Թուրքիան 1991թվից փորձում է ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կազմում, սակայն առայժմ բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Մարտի 9-ին մամլո ասուլիսում այդպիսի տեսակետ է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ընդ որում, նա հավելել է, որ չնայած դրան, Թուրքիան չի հրաժարվում իր փորձերից՝ պարբերաբար ինչ-որ քայլեր ձեռնարկելով։ "Դրանցից մեկն էլ եռանախագահների վերջին հանդիպումն էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Բայց պետք է հասկանալ, որ առանց բոլոր կողմերի համաձայնության, բանակցային գործընթացին նոր միջնորդի մասնակցությունը, առավել ևս, այնպիսի կողմնակալ, ինչպիսին Թուրքիան է, անհնար է", - նշել է արևելագետը։
Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը փաստել է, որ չնայած Թուրքիան չի կարող ընդգրկվել միջնորդների եռյակի կազմում, նա ձեւացնում է, թե ինքն ինչ-որ բան կարող է լուծել այդ գործընթացում: "Դա խաղ է, այդպիսին է թուրքական դիվանագիտությունը։ Այդ խաղը մենք տեսնում ենք նաև Սիրիայում", - եզրափակել է Սաֆրաստյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա, որտեղ հանդիպել են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում։
Հաայստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման վերաբերյան հաղորդագրություններին, մասնավորապես, ասել է.
"Հաշվի առնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը, ինչն արտացոլվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանին ռազմական եւ քաղաքական միակողմանի աջակցության մեջ, Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործում":