Արմինֆո. Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մազի դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության հետ համատեղ «Թռչկանի» կոչվող ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին (ծնված 1999 թ.) և Անաստասիա Բ.-ին (ծնված 1999 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում: Փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին՝ Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ Ուրբան Կոնրադին (ծնված 1991 թ.) և Օրեսթ Տառասիուկին (ծնված 1991 թ.): Lեռնագնացներից մեկին, ով ստացել էր ոտքի վնասվածք, փրկարարները մոտեցրել են «Ամբերդ» հիդրոօդերևութաբանական կայանի մոտ գտնվող շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: