Արմինֆո.Առանց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական աջակցության Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ պատերազմ Ռուսաստանի դեմ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։
"Մինչդեռ Դաշինքի և Վաշինգտոնի հետ Ռեջեփ Էրդողանի հարաբերությունները այսօր բավական բարդ են, ինչը պայմանավորված է արևմտյան նախաձեռնություններին նրա հակազդեցությամբ։ Թուրքիայի նախագահը չի ցանկանում տեղի տալ Արևմուտքին, մինչդեռ ռազմական օգնություն նա կարող է ակնկալել միայն այդ գնով։ Ըստ այդմ, նրա համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի, Վլադիմիր Պուտինի, քան Արևմուտքի հետ", - ընդգծել է նա։
Միրկադիրովի գնահատմամբ, Էրդողանի մոսկովյան վոյաժը հարկադրված ընտրության արդյունք էր՝ Անգելա Մերկելի եւ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Ստամբուլում քառակողմ հանդիպումից իր ռուս գործընկերոջ հրաժարվելուց հետո: Թուրքիայի նախագահը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Սիրիայում, որտեղից այսօր չի ցանկանում հեռանալ, մինչդեռ այդ երկրում պատերազմը Թուրքիայի համար չափազանց թանկ է նստում:
Մարտի 5-ին Մոսկվայում բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են հրադադարի մասին մի քանի շաբաթ արյունալի մարտերից հետո, որոնց ընթացքում ռուս եւ թուրք զինվորականների միջեւ ուղիղ բախման սպառնալիք էր առաջացել: Պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում հակամարտող կողմերը կմնան իրենց տեղերում, իսկ Թուրքիան և Ռուսաստանը կսկսեն համատեղ պարեկություն իրականացնել Մ4 մայրուղու վրա, որն անցնում է սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններով: Ընդ որում, պարզ չէ, թե արդյոք բոլոր հակամարտող խմբավորումները կհետեւեն պայմանավորվածություններին։
Միրկադիրովն ընդգծել է, որ Մոսկվայում Էրդողանը, փաստորեն, գնացել է
միակողմանի զիջումների Պուտինին: Եվ հենց նրա այցը Ռուսաստան՝ Ստամբուլ մեկնելուց Պուտինի հրաժարման ֆոնին, ռուսական ԶԼՄ-ները գնահատել են որպես Ռուսաստանի առաջին հաղթանակ: Սակայն, Պուտինը չի հասել իր գլխավոր նպատակին՝ Սիրիայից թուրքական բանակին դուրս բերման։ Ընդ որում, մոսկովյան համաձայնությունները շահավետ չեն նաև Թուրքիայի համար՝ հաշվի առնելով որոշ տարածքների անցումը թուրք-ռուսական համատեղ վերահսկողության ներքո։
"Մոսկվայում Էրդողանը Պուտինից հասել է միայն ժամանակավոր հրադադարի։ Եվ ոչ մի փաստաթղթային պարտավորություն՝ ոչ Ռուսաստանից, ոչ Սիրիայից։ Մինչդեռ, Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել հերթական տարածքները՝ սահմանափակելով Թուրքիայի ազդեցության գոտին։ Այսպիսով, նոր բախումներն անխուսափելի են՝ Թուրքիայի հուսալի դաշնակիցների բացակայության ֆոնին", - ամփոփել է Միրկադիրովը։