Արմինֆո. Արցախի ԱԳՆ հանդես է եկել մեկնաբաննությամբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ԵԱՀԿ Մինսկիկ խմբի համանախագահների վերջին հանդիպման առնչությամբ:
Արցախի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. ՙԹուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին: Ավելին, 2016 թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՚։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը( Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա, որտեղ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում։ Մեկնաբանելով վերը նշված հանդիպումն ու հաշտության բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման հեռանկարները՝ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն, իր հերթին, ասել էր. "Հաշվի առնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը, ինչն արտացոլվում է նաեւ Ադրբեջանին միակողմանի ռազմական եւ քաղաքական աջակցության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործում":