Արմինֆո.Հակամարտությունների կարգավորման հարցում Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում գլխավոր թեմաներից մեկը դարձել է լարվածությունը տարածաշրջանում։ "Մենք քննարկել ենք ուղիներ, որոնք թույլ կտան նվազեցնել այդ լարվածությունը ։ Երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում, եւ մենք փորձել ենք ուրվագծել այն կետերը, որոնցում համագործակցությունը կօգնի մեզ նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում", - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանը հակամարտություններ ունեցող երկիր է, սակայն նրանց պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: "Այս մոտեցման մեջ մեր դիրքորոշումները համընկնում են, եւ դա հիանալի հնարավորություն է մեր համագործակցության համար", - ընդգծել է նա:
Վարչապետը հայտարարել է, որ այցը շատ հաջող է անցել, և շնորհակալություն է հայտնել վրացական կողմին համագործակցության համար։ Անդրադառնալով հայ - վրացական ռազմավարական համագործակցության զարգացման հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարերով ապրել են նույն տարածաշրջանում խաղաղության և համաձայնության մեջ, և մեր միջեւ թշնամություն չկա, քանի որ խոշոր հակամարտություններ չեն եղել։ "Խոսելով ռազմավարական համագործակցության մասին ՝ մենք նկատի ենք ունեցել մեր ռազմավարական համագործակցությունն առաջիկա 100 տարվա համար ծրագրել", - ասել է վարչապետը։
Նշենք, որ մարտի 3-ից 4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր: Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ: