Արմինֆո. Անվիճելի է, որ հայ-վրացական համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է։ Այս մասին մարտի 3-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում նա անդրադարձել է տարածաշրջանային հակամարտություններին եւ համոզմունք հայտնել, որ դրանց խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: <Վստահ եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները և այդ տեսանկյունից կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը>, - նշել է ՀՀ վարչապետը:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ հարևան Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է, և դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի խոսքով, երկու երկրների միջեւ պատմական կապերը պարարտ հող են ստեղծում այդ նպատակի իրականացման համար:
Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանում նոր իրողությունները, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ընդհանուր ապագա կառուցելու երկու երկրների ժողովուրդների ձգտումները դրա կարևորագույն նախադրյալներից են:
ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ-ում օրենքի գերակայությունը և ժողովրդավարության հաղթանակը նոր հնարավորություններ են բացում հայ-վրացական համագործակցության համար, իսկ իր այցը Թբիլիսի կոչված է շարունակելու երկու երկրների միջև անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում սկսված ինտենսիվ երկխոսությունը:
Նա տեղեկացրել է, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվել է էներգետիկ, տրանսպորտային եւ այլ հեռանկարային ուղղություններով համագործակցության, տարանցիկ ներուժի ամրապնդման կարևորությունը:
<Մենք համագործակցության առաջարկներ ենք ներկայացրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը եւ կրթությունը ։ Առաջարկել ենք քայլեր իրականացնել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ>, - ասել է ՀՀ վարչապետը ։
Իր հերթին Գախարիան վստահություն է հայտնել, որ Փաշինյանի այս այցն արդյունավետ կլինի երկու երկրների քաղաքացիների համար ՝ տնտեսության զարգացման եւ անվտանգության տեսանկյունից:
Նշելով երկու երկրների հարաբերությունների օրակարգի լայն շրջանակի քննարկման մասին ՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ ուրվագծվել են հայ - վրացական համագործակցության հետագա ուղղությունները: <Մեր տարածաշրջանի համար չափազանց կարեւոր է ժողովրդավարության զարգացումը՝ թե տնտեսական, թե մշակութային տեսանկյունից։ Մենք հաստատակամ ենք եվրատլանտյան ինտեգրման հարցում ։ Եվ չնայած մի շարք հարցերի շուրջ հայկական կողմի հետ դիրքորոշումներում տարաձայնությունների առկայությանը՝ չեմ կարծում, որ այդ հարցն այդպիսին է>, - ասել Է Վրաստանի վարչապետը ՝ հիշեցնելով ԵՄ <Արեւելյան գործընկերություն> ծրագրի շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու Թբիլիսիի հանձնառության մասին: