Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի կառավարություններն ամենօրյա ռեժիմով ինտենսիվ աշխատում են ՝ երկու երկրների միջև սերտ կապերն էլ ավելի խորացնելու համար ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան։
Ընդ որում, նա փաստել է, որ կողմերը բազմիցս ընդգծել են, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հիմք են ծառայում ՀՀ գերատեսչությունների և կառույցների միջը շփումների համար, իսկ այս այցը նոր լիցք կհաղորդի բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
<Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, և մեր երկրների կառավարությունները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը մեր երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն ու գրավականն է։ Մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, իսկ հետո մտածենք այլ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը ։ Մենք համոզված ենք, որ մեր երկրների զարգացումը, խաղաղությունն ու կայունությունը կապված են Եվրատլանտյան տարածաշրջանին ինտեգրվելու հետ։ Վստահ եմ, որ դուք էլ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ևս ձգտում եք ինտեգրվել Եվրոպային ։ Մենք նաեւ ձգտում ենք խորացնել մեր հայ-վրացական հարեւանությունը>, - ասել է Գախարիան։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին փաստել է, որ դժվար է գերագնահատել Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների կարևորությունը: Հիշեցնելով պատմական խորը քաղաքական, տնտեսական, մշակութային շփումների մասին ՝ Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ ժամանակն է եկել մտածելու եթե ոչ հազարամյակների, ապա հարուրամյակների համար այս տարածաշրջանում համատեղ զարգացման մասին:
<Իմ ասածը միայն գեղեցիկ խոսքեր չեն, քանի որ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարևան, բարեկամների, Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում: Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչև այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար>,- նշել է ՀՀ վարչապետը:
Միաժամանակ ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ վերջին մեկուկես տարում հայ-վրացական հարաբերություններն ավելի են ամրապնդվել, իսկ համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, իսկ այս այցն էլ ավելի կամրապնդի այդ հանգամանքը:
Կառավարության ղեկավարը նաև կարծում է, որ կողմերը կարողանում են հստակ քայլերով կյանքի կոչել իրենց առջև դրված խնդիրները:
Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: