Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Գոռ Գեւորգյանը, խմբի անդամեր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 2-ին հանդիպել են Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, կարեւորելով գործընկերակցական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայերն, առհասարակ, ուրույն տեղ են զբաղեցնում Մերձավոր Արեւելքում եւ պատմականորեն կապված են արաբ ժողովրդի հետ: Գոռ Գեւորգյանի ներկայացմամբ՝ 1994 թվականին է Հայաստանի եւ Քուվեյթի Պետության միջեւ ստորագրվել դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին համապատասխան փաստաթղթեր, 2002 թվականին ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամական խումբը, 2011 թվականին Հայաստանում հիմնվել է Քուվեյթի դեսպանություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Քուվեյթի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում, ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում:
Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում չափավոր եւ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Քուվեյթի Պետության հետ սերտ համագործակցության:
Նաուաֆ Ալ Էնեզին կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Խոսելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունների մասին՝ դեսպանն անդրադարձել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ներդրումներին:
Պատգամավորները մտքեր են փոխանակել գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, Երեւան-Քուվեյթ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, քուվեյթյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ: