Արմինֆո. Այս պահի դրությամբ Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվել: Փետրվարի 28-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիրգորյանը՝ անդրադառնալով հարևան երկրում կորոնավիրուսի առկայության առնչությամբ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակելու հնարավորության վերաբերյալ հարցին: "Մեր համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են Վրաստանի իրավիճակի առնչությամբ։
Բոլոր հարցերը քննարկվում են։ Մենք որոշումներ կկայացնենք իրավիճակից ելնելով", - ընդգծել է նա։
Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում կոչ էր արել իր քաղաքացիներին հրաժարվել Չինաստան, Իրան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից ՝ այդ երկրներում կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված սուր համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ ։ Հիշեցնենք, որ այդ իսկ պատճառով Հայաստանը երկու շաբաթով դադարեցրել Է Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը։