Արմինֆո. "Դիզվառելիքի գործն" Արցախի անվտանգության հետ կապելու Սերժ Սարգսյանի փորձն, առնվազն, տարակուսանք է հարուցում և, իմ կարծիքով, խոսում է այն մասին, որ այդ մարդն այսօր էլ շարունակում է կտրված մնալ իրականությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
"Խոսել եմ աշխարհի ամենաբարձր ամբիոններից և կրկնում եմ ձեզ հիմա. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Սա իմ կյանքի գլխավոր նպատակն է, որն ինձ կուղեկցի մինչեւ վերջ եւ ամենուր", - հայտարարել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի շենքի մոտ հավաքված իր աջակիցներին, որտեղ փետրվարի 25-ին տեղի է ունեցել "դիզվառելիքի գործով" առաջին նիստը։ Այդ գործով Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Գալստյանը և Flash ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում են դիզվառելիքի գնման ժամանակ պետական միջոցները վատնելու համար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 489 միլիոն դրամի վնաս։
"Դիզվառելիքի գործը" Արցախի հարցի հետ կապելու Սարգսյանի փորձն ավելի սյուրռեալիստական է թվում, քան, նույնիսկ, բարձրախոսը նրա ձեռքում։ Ինձ թվում է, որ հիշատակելով Արցախի անվտանգության մասին, նա պետք է հիշեր իր գեներալների անպատժելիության տասնամյակների, այն ժամանակաշրջանի մասին, երբ բանակում սպանությունները ներկայացվում էին որպես ինքնասպանություն, երբ տանկերում վառելիք չկար, այն մասին, թե ինչպես իր "թիկնապահը" պետբյուջե է վերադարձրել գողացած միլիոնավոր դոլարները", - ընդգծել է պատգամավորը։
Այս լույսի ներքո՝ Գաբրիելյանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավարությունը դիտարկում է որպես Հայաստանում տասնամյակներ շարունակ ոտնահարված արդարության վերականգնման դրսևորում։ Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում երկրի քաղաքացիներն իրենց աչքերով եւ մաշկի վրա զգացել են այդ երկու նախագահների քաղաքականության ողջ "հմայքն" ու հետեւանքները: "Մարդկանց զրկել են ունեցվածքից, վտարել սեփական տներից, զրկել հարազատների հետ տեսակցելու հնարավորությունից։ Եվ այդ ամենը սարքված, կեղծ մեղադրանքների հիման վրա։ Հաճախ զրկել են նույնիսկ կյանքից: Եվ այսօր այս երկու նախկին նախագահները մեզ ստիպում են ամոթի զգացում ապրել այն բանի համար, որ նրանք այդքան երկար ու այնդպես խայտառակ կերպով են կառավարել մեր երկիրը։ Մեծ հույս ունեմ, որ դատարանը կապացուցի նրանց մեղավորության փաստը", - ամփոփել է խորհրդարանականը։