



Արմինֆո. Հայաստանն աջակցում է պաղեստինյան հակամարտության կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա։ Այդ մասին փետրվարի 24-ին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
"Ճանաչելով իր քաղաքացիների համար անվտանգ եւ խաղաղ պետության Իսրայելի իրավունքը ՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով անկախ պետություն ստեղծելու ձգտմանը", - նշել է Հայաստանի արտգործնախարարը։
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Երեւանի ուշադրության կենտրոնում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացումը' հաշվի առնելով հայկական դարավոր ներկայությունն ու հարուստ ժառանգությունը: "Հայաստանը Արեւելյան Երուսաղեմը դիտարկում է որպես 1967թ. բռնազավթված տարածքների մի մաս, եւ նրա վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի բանակցությունների արդյունքում", - ամփոփել է Մնացականյանը:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ գրոհել Է պաղեստինյան "Իսլամական ջիհադ" խմբավորման դիրքերը Սիրիայում և Գազայի հատվածում: Նախօրեին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Աշկելոնի եւ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ զինյալների կողմից գնդակոծությունների առաջին երկու ալիքների ընթացքում արձակվել է 21 հրթիռ, որոնցից 13-ը որսացել Է հակահրթիռային պաշտպանության "Երկաթե գմբեթ" համակարգը: Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ պատասխան հարվածների արդյունքում, առողջապահության նախարարության տվյալներով, վիրավորվել է 4 պաղեստինցի։
Պաղեստինյան անկլավի սահմանին հերթական սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ կիրակի առավոտյան իսրայելցի զինվորականները հարված են հասցրել մի խումբ պաղեստինցիների, որոնք, ինչպես հայտարարել են Իսրայելի բանակում, փորձել են պայթուցիկ սարք տեղադրել բաժանարար ցանկապատի մոտ: Բանակում նշել են, որ այդ նույն մարդիկ մասնակցել են սահմանին պայթուցիկներ տեղակայելու փորձերին։


