Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է ջանքեր գործադրել բանակցային գործընթացը անդունդի եզրից հետ մղելու համար, ուր այն հասցրել են իր նախորդները: ԱրմԻՆֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Հենց նախորդ ռեժիմների ջանքերով ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումը Հայաստանի համար նեղացել է կապիտուլյացիայի կամ պատերազմի միջև ընտրությամբ։ Հենց այդ պատճառով որպես ընդունելի մարտավարություն էր ընտրվել ստատուս քվոյի պահպանումը։ Վարչապետ Փաշինյանն արդեն որոշակի նոր շեշտադրումներ է մտցրել գործընթացում, ինչը ես շատ դրական եմ գնահատում", - նշել է նա։
Ընդ որում, դիվանագետի գնահատմամբ, հայկական բանակցային դիրքերի ամրապնդման եւ ազգային շահերի լիարժեք ապահովման ու պաշտպանության համար այդ շեշտադրումները բավական չէ: Նրա կարծիքով, դրա համար պահանջվում է հայկական կողմի բանակցային մոտեցումների արմատական վերանայում։ Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հայկական համապարփակ մոդելի մշակում՝ ի հակակշիռ արդեն վաղուց մշակված ադրբեջանական մոդելի ։
Նրա խոսքով, ադրբեջանական մոդելի էությունը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Արցախի տարածքից, որն ուղեկցվում է այնտեղ Բաքվի լիակատար ռազմաքաղաքական եւ տնտեսական վերահսկողության հաստատմամբ: Իսկ եթե ողջամիտ ժամկետում դա չարվի, Ադրբեջանը կդիմի ռազմական ուժի ։
"Հայաստանի և Արցախի պատասխանը պետք է լինի կարգավորման սեփական, նոր հայեցակարգը, որը կփոխարինի ստատուս քվոյի պահպանմանն ուղղված ջանքերին ։
Հայեցակարգ, որը կարող է ստիպել Բաքվին ապագայում հրաժարվել ագրեսիվ ոտնձգություններից։ Սա միակ այլընտրանքն է վաղուց հնացած ու անիրագործելի բովանդակությամբ ներկայիս բանակցություններին, որի միակ անփոփոխ իրողությունն է մնում պահպանվող ստատուս քվոն", - ամփոփել է դիվանագետը ։